22.03.2019 — Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի բացման արարողությունը Ֆիզմաթ դպրոցում

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի 295 աշակերտ: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած 100 աշակերտից առաջինն է: Մաղթում եմ, որ ձեր մյուս 99 ընկերները հաջորդ տարի ավելի լավ ցուցանիշներ արձանագրեն և նույնպես մասնակցեն հանրապետական փուլին: Անցած տարի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում մենք շատ լավ արդյունքներ ենք արձանագրել. այս տարի այդ արդյունքն առնվազն պետք է կրկնենք, եթե ոչ՝ բարելավենք: Ձեր ընկերները խոսում էին այն մասին, որ երազանքը կարևոր է: Կարծում եմ, որ ձեր մի մասի երազանքն արդեն կատարվել է, քանի որ օլիմպիադայի հանրապետական փուլին եք մասնակցում, բայց յուրաքանչյուր իրականացած երազանքից հետո պետք է այլ մեծ նպատակներ դնել, ավելի շատ երազել, քանի որ առանց այդ մեծ երազի՝ գիտելիքն ուղղակի ինքնանպատակ է: Իսկ երբ կա այդ մեծ երազը և գիտելիքը, այն իրացնելու հնարավորությունն ավելի մեծ է դառնում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շատ է կարևորում օլիմպիադաների անցկացումը և այն իրադարձություն է համարում կրթական օրացույցում: Նախարարը հույս է հայտնել, որ մրցույթը կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լավագույնները տեղ կզբաղեցնեն հաղթողների պատվանդանին, իսկ նրանց մի մասը կմասնակցի միջազգային օլիմպիադային:

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն իր հերթին տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանի օլիմպիական թիմերը, առավել ևս «Մաթեմատիկա» առարկայի թիմը հաջող ելույթներ են ունենում միջազգային օլիմպիադաներում: «6 մասնակցից առնվազն 4-ի դեպքում մշտապես ունեցել ենք մեդալներ: Անցած տարի ևս մեկ ռեկորդային ցուցանիշ արձանագրեցինք. բոլոր 6 մասնակիցներն արժանացան մեդալների՝  2 արծաթե և 4 բրոնզե: Վստահ եմ, որ այս տարի ևս կունենանք բարձր ցուցանիշներ»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ 7 առարկաների գծով առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի մասնակցել է շուրջ 60 հազար աշակերտ, որոնցից 30 հազարը՝ մաթեմատիկայի օլիմպիադային: Նրանցից  295 աշակերտ է մասնակցում հանրապետական փուլին, այսինքն՝  մոտավորապես 1 տոկոսը:

21.03.2019 — 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ Կովկասյան 4-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

2019 թ․-ի մարտի 15-20-ը Ռուսաստանի Դաշնության Ադիգեյա հանրապետության Մայկոպ քաղաքում անցկացվեց Կովկասյան 4-րդ մաթեմատիկական օլիմպիադան, որին Հայաստանից մասնակցեցին Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 5 աշակերտներ։
Օլիմպիադայում մասնակցել են 140-ից ավելի աշակերտներ ՌԴ հարավային 15 շրջաններից և 10 օտարերկրա պետություններից։ Ֆիզմաթ դպրոցի թիմը հանդես եկավ պատանեկան լիգայում և արժանացավ 2 արծաթե (Բաբասյան Էրիկ – 10-րդ դասարան, Հովհաննիսյան Վահագն – 9 -րդ դասարան) և 3 բրոնզե (Մաթևոսյան Համլետ — 10-րդ դասարան, Ասատրյան Վահրամ — 9-րդ դասարան, Համբարձումյան Ռուբեն — 9-րդ դասարան) մեդալների:
Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների սեմինարներ, այցելել տեսարժան վայրեր։
Հայաստանյան թիմը ղեկավարում էր ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։

14.03.2019 — <Շնորհավոր ձեր գարունը սիրելի ուսուցիչներ> վերնագրով միջոցառում 9ա և 10ա դասարանների մասնակցությամբ:

14.03.2019թ Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ <Շնորհավոր ձեր գարունը սիրելի ուսուցիչներ> վերնագրով միջոցառում 9ա դասարանի (դաստիարակ՝ Գայանե Մանուկյան) և 10ա դասարանի (դաստիարակ՝ Իրինա Բեգոյան) աշակերտների մասնակցությամբ: Նրանք  շնորհավորեցին ուսուցիչներին, կանանց, աղջիկներին և իրենց երաժշտական ելույթներով օրը Տոն դարձրեցին: