02.10.2019 — Աստղագիտության միջազգային օլիմպիադայի թիմի այցը ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիա…

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հյուրընկալվեցին «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադային (Հունգարիայի` Կեսթհեյ) մասնակցած Հայաստանի թիմը, թիմի ղեկավարներ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը  և Վարդգես Մամբրեյանը, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ողջունեցին աշակերտներին իրենց ձեռքբերումների և Հայաստանը միջազգային հարթակում լավ ներկայացնելու համար: Նրանց ոգևորելու և գիտելիքներն ամրապնդելու համար թիմի մասնակիցներին նվիրեցին մասնագիտական գրքեր:

Նշենք, որ օլիմպիադային ներկայացել էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 5 դպրոցականներից կազմված թիմը: Արդյունքում մեր դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալ էին նվաճել Դավիթ Զոհրաբյանը (12-րդ դասարան), Կարեն Բաղդասարյանը (11-րդ դասարան): Բրոնզե մեդալի էին արժանացել Եվա Հունանյանը (11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (11-րդ դասարան), Քրիստինե Գրիգորյանը (12-րդ դասարան): Օլիմպիադայի ընթացքում անցկացվել էր նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես էին եկել տարբեր թիմերի կազմում: Թիմը, որում հանդես էր եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել էր առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: