19.03.2020 — Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայից ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտներ վերադարձան բրոնզե մեդալներով…

2020 թ․-ի մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Ադիգեյա հանրապետության Մայկոպ քաղաքում անցկացվեց Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադան, որին Հայաստանից մասնակցեցին Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտներ։

Օլիմպիադայում մասնակցել են մոտ 200 աշակերտներ ՌԴ հարավային 14 տարածաշրջաններից և 10 օտարերկրա պետություններից։ Այդ թվում̀ Բելոռուսիա, Բուլղարիա, Ղազախստան, Աբխազիա, Ադրբեջան, Լյուքսենբուրգ,  Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքիա:

Ֆիզմաթ դպրոցի թիմը հանդես եկավ պատանեկան լիգայում և արժանացավ 4 բրոնզե մեդալների: Դպրոցի թիմի բոլոր անդամներն էլ առաջին անգամ էին մասնակցում միջազգային օլիմպիադայի:

Մեր թիմը ներկայացնում էին̀ Գևորգյան Ստեփանը, Պետրոսյան Վյաչեսլավը, Խաչատրյան Հայկը և Մովսիսյան Մարկը:

Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։

Թիմը ղեկավարում էր ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։