22․07․2022 — Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից Ֆիզմաթցիները վերադարձան 3 մեդալով․․

Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։

Հայաստանի թիմը ներկայացել է 4 մասնակցով, որոնցից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի Պրազյանը (10-րդ դասարան) և Շիրակացու անվան ճեմարանի աշակերտ Սյուզաննա Գրիգորյանը (12-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։

26.05.2023 — Շնորհավոր <Վերջին զանգ> Ֆիզմաթ դպրոցի սիրելի շրջանավարտներ…

Այսօր Ֆիզմաթ դպրոցում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Վերջին զանգի կապակցությամբ:

Ֆիզմաթ դպրոցի տնօրինություն

28.04.2023-Միջոցառում` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին․․

Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8ա դասարանը (դաստիարակ՝ Գայանե Մանուկյան) ներկայացրեց միջոցառում` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։
Աշակերտները ներկայացրեցին Շառլ Ազնավուրի կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։
Կատարեցին նրա հանրահայտ երգերից, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին:
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով մշակութային հարուստ ժառանգություն:

18․03․2023-Ֆիզմաթ դպրոցը արժանացավ <Համազգային վստահություն> խորհուրդի <Ոսկե դափնի> հուշամեդալի․․

«Համազգային վստահություն» խորհուրդը զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ` հանրությանը ներկայացնելով իրենց որակյալ աշխատանքի շնորհիվ ժողովրդի կողմից բարձր գնահատականի արժանացած անհատներին, պետական և հասարակական գործիչներին, կազմակերպություններին:

Սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքներով

Ա․Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցը բազմամյա փորձ ունեցող և բարձր մասնագիտական կրթություն ապահովող տարվա ուսումնական հաստատություն անվանակարգում արժանացել է

<Ոսկե դափնի> մրցանակի։

15․03․2023-Դպրոցի ձեղնահարկում տեղի ունեցավ լաբորատորիաների բացման արարողությունը․․

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաների բացմանը:

Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն: Ծրագիրն արժանացել է հավանության և կյանքի կոչվել:

Դպրոցի ձեղնահարկում բացվել է նաև ֆիզմաթ դպրոցի լավագույն մանկավարժներից մեկի՝ երջանկահիշատակ ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանի անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, որի հովանավորը նրա ընտանիքն է:

Դպրոցի նախկին սան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի աջակցությամբ բացվել է «Արմաթ», ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, այսօր KRISP ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հովանավորությամբ բացվել է ինժեներական, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Հայկ Չոբանյանի օժանդակությամբ՝ «Արմաթն օդում» լաբորատորիաները:

Հանդիսավոր արարողության սկիզբն ազդարարելուց և կարմիր ժապավենը կտրելուց հետո բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը:

Նա շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի բոլոր աջակիցներին՝ հայտնելով իր երախտագիտությունը:

06․03․23-44-օրյա պատերազմում ֆիզմաթցի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ․․

2023թ․ մարտի 6-ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում ֆիզմաթցի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ 11ա դասարանի (դաստ․ Դոնարա Նավասարդյան) աշակերտների մասնակցությամբ։

Ներկա էին հերոսների ընտանիքների անդամները, ուսուցիչներ, աշակերտներ։

Հուշ-ցերեկույթում աշակերտները անդրադարձան ֆիզմաթցի հերոսների կյանքին, նրանց անձնուրաց հայրենասիրության մասին, փորձեցին պատմել ու ճանաչելի դարձնել նրանց՝  Հովհաննես Ավագյանի, Հակոբ Ռոստոմյանի, Արմենակ Սարգսյանի, Դավիթ Յակովլևի, Ռուբեն Համբարձումյանի, Ազատ Գևորգյանի, Կարո Հովագիմյանի կյանքի, հայրենիքն ատամներով պաշտպանելու հերոսական դրվագներին։

13․10․2022-Ֆիզմաթ դպրոցում կայացավ տարհանման ուսումնական վարժանք․․․

Հոկտեմբերի 12֊ը ՄԱԿ֊ի կողմից հռչակված է որպես աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր։
Դժվար է կանխորոշել արտակարգ իրավիճակները, բայց կարելի է բարձրացնել պատրաստվածության մակարդակը:
Վաղ նախազգուշացումն ու գործողությունների վաղ իրականացումը կյանքեր են փրկում:
Իսկ այդ գործողությունները և հմտությունները պետք է սովորեցնել դպրոցական նստարանից:
Կադրեր «Ֆիզմաթ» դպրոցում կայացած տարհանման ուսումնական վարժանքից։

25.09.22 — Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում EJOI, Ֆիզմաթի աշակերտները նվաճեցին 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ..

Հայաստանի դպրոցականները գրանցել են աննախադեպ հաջողւթյուն Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան (մինչև 15 տարեկանների) օլիմպիադայում EJOI, որն անցակցվեց այս շաբաթ առնցանց եղանակով, նվաճելով 1 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներ։
Ֆիզմաթ դպրոցի աշակերտները նվաճեցին 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ.
Արծաթե մեդալներ՝
Ալեն Ղազարյան — 10-րդ դասարան,
Մարտին Խաչատրյան — 10-րդ դասարան,
Բրոնզե մեդալներ՝
Ծովակ Եգորյան — 10-րդ դասարան,
Սերգեյ Համբարձումյան — 10-րդ դասարան:

29.04.2022 — 8բ դասարանը բեմադրեց <Գնա մեռի, արի սիրեմ> պիեսը..

Ապրիլի 29-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8բ  դասարանը (դասղեկ՝ Աղավնի Սարգսյան) բեմադրեց  <Գնա մեռի, արի սիրեմ> պիեսը:
Միջոցառման հյուրերն էին՝
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Աշոտ Շահբազյանը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Սանթրոսյանը և արտիստ Սիփան Զադոյանը: