16.01.2024 — Կորիզ կրթական ծրագիրն ու Ֆիզմաթ դպրոցը մեկնարկում են համադպրոցական մաթեմատիկական արշավ

Հունվարի 16-ին մեկնարկել է նոր մաթեմատիկական արշավ-մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած Կորիզ կրթական ծրագիրը և աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի կողմից 10 լավագույն դպրոցներից մեկը ճանաչված  ԵՊՀ-ինառընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։

«Կորիզ մաթեմատիկա» նոր մրցույթի մեկնարկը պաշտոնապես տրված է։ Գրանցվել կարող են  ՀՀ տարածքում գործող  հանրակրթական  դպրոցների բոլոր 3-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները։

«Dasaran կրթական ծրագրի և Koreez կրթական շարժման հիմնադիր Սուրեն Ալոյանը նշեց, որ  այս համագործակցությունով մենք պաշտոնապես ուզում ենք մաթեմատիկան ճանաչել որպես Հայաստանի առաջընթացի կարևորագույն հենասյուն և տեխնոլոգիական զարգացման առանցք։

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն ընդգծեց, որ արշավի մեկնարկով կփորձեն մաթեմատիկայի դերն էլ ավելի բարձրացնել:

«Համադպրոցական մրցույթը կլինի ամբողջ Հայաստանի աշակերտների համար, որը,  մեր դպրոցի օրինակից ելնելով, մեկ անգամ ևս կոգեշնչի բոլոր աշակերտներին: Սա նաև մեր դպրոցի համար է կարևոր, քանի որ մենք միշտ հայտնաբերում ենք մեծ ընդունակություններով աշակերտներին, իսկ այս արշավի միջոցով մենք ևս մեկ հնարավորություն կունենանք բացահայտել լավագույններին: Մրցույթի հաղթողներին կտրամադրվի հարցազրույցով Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն»,- ասաց Սարգսյանը:

Մրցույթը բաղկացած է երկու՝ առցանց և առկա  փուլերից և մրցանակաբաշխությունից։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ մաթեմատիկա» մրցույթը։

 

28.11.2023-Միջոցառում 9դ դաս. մասնակցությամբ՝ <Ազգային ոգին> թեմայով…

Դաստիարակությունը չի կարող սահմանափակվել մեկ նպատակով՝ տալ ուսյալ քաղաքացիներ:

Վ.Բելինսկի

Այս անգամ Ֆիզմաթ դպրոցում, 9դ դասարանի (դաստիարակ՝ Մ.Հարությունյան) կողմից հնչում է ազգային ոգին՝ազգային-ազատագրական երգերի ու պարերի հետ համեմված հայոց մեծերից  Պարույր Սևակի և Համո Սահյանի բանաստեղծություններով:

Ֆիզմաթ դպրոցում զարգացումը մենք տանում ենք ներդաշնակ՝ ինչպես ֆիզիկականը, այնպես էլ էսթետիկականը, ազգայինը և բարոյականը:

26.05.2023 — Շնորհավոր <Վերջին զանգ> Ֆիզմաթ դպրոցի սիրելի շրջանավարտներ…

Այսօր Ֆիզմաթ դպրոցում ավարտական դասարանների աշակերտների համար երկար և խորհրդավոր կերպով հնչեցին վերջին զանգի ղողանջները։ Վերջին զանգը սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով։ Մենք այսօր կյանք ճանապարհեցինք հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Վերջին զանգի կապակցությամբ:

Ֆիզմաթ դպրոցի տնօրինություն

28.04.2023-Միջոցառում` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին․․

Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում 8ա դասարանը (դաստիարակ՝ Գայանե Մանուկյան) ներկայացրեց միջոցառում` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։
Աշակերտները ներկայացրեցին Շառլ Ազնավուրի կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։
Կատարեցին նրա հանրահայտ երգերից, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին:
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով մշակութային հարուստ ժառանգություն:

24.03.2023 — Միջոցառում նվիրված Ֆրանկոֆոնիայի օրերին…

Ամեն տարի, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով  Ֆիզմաթ դպրոցը մասնակցում է մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիաի սեզոնի մշակութային ծրագրերին :

Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հերթական միջոցառումը, որտեղ 8դ դասարանը (դաստիարակ Մարիետա Հարությունյան) ներկայացրեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերի  <Փոքրիկ իշխանը>  բեմականացումը։

Միջոցառմանը աշակերտները իրենց գեղարվեստական  ելույթներով ներկայացրեցին ֆրանսիական մշակույթը:

15․03․2023-Դպրոցի ձեղնահարկում տեղի ունեցավ լաբորատորիաների բացման արարողությունը․․

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաների բացմանը:

Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն: Ծրագիրն արժանացել է հավանության և կյանքի կոչվել:

Դպրոցի ձեղնահարկում բացվել է նաև ֆիզմաթ դպրոցի լավագույն մանկավարժներից մեկի՝ երջանկահիշատակ ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանի անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, որի հովանավորը նրա ընտանիքն է:

Դպրոցի նախկին սան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի աջակցությամբ բացվել է «Արմաթ», ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, այսօր KRISP ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հովանավորությամբ բացվել է ինժեներական, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Հայկ Չոբանյանի օժանդակությամբ՝ «Արմաթն օդում» լաբորատորիաները:

Հանդիսավոր արարողության սկիզբն ազդարարելուց և կարմիր ժապավենը կտրելուց հետո բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը:

Նա շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի բոլոր աջակիցներին՝ հայտնելով իր երախտագիտությունը:

06․03․23-44-օրյա պատերազմում ֆիզմաթցի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ․․

2023թ․ մարտի 6-ին Ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում ֆիզմաթցի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ 11ա դասարանի (դաստ․ Դոնարա Նավասարդյան) աշակերտների մասնակցությամբ։

Ներկա էին հերոսների ընտանիքների անդամները, ուսուցիչներ, աշակերտներ։

Հուշ-ցերեկույթում աշակերտները անդրադարձան ֆիզմաթցի հերոսների կյանքին, նրանց անձնուրաց հայրենասիրության մասին, փորձեցին պատմել ու ճանաչելի դարձնել նրանց՝  Հովհաննես Ավագյանի, Հակոբ Ռոստոմյանի, Արմենակ Սարգսյանի, Դավիթ Յակովլևի, Ռուբեն Համբարձումյանի, Ազատ Գևորգյանի, Կարո Հովագիմյանի կյանքի, հայրենիքն ատամներով պաշտպանելու հերոսական դրվագներին։

17.12.2022 — “Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ” ինտելեկտուալ խաղի դպրոցականների համապետական փուլում ՖԻԶՄԱԹ թիմը զբաղեցրեց 5֊րդ տեղը․․

17.12.2022 Եվրոպական դպրոցում կայացավ “Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ” ինտելեկտուալ խաղի դպրոցականների համապետական փուլը, որտեղ ՖԻԶՄԱԹ թիմը ներկայացնում էին Ֆիզմաթ դպրոցի 9գ դասարանի աշակերտներ Տիգրան Ղավալյանը(թիմի ավագ), Ստեփան Գոյունյանը, Անահիտ Գալստյանը, Գոռ Հովսեփյանը, Ալեքսանդր Թովմասյանը, Սուրեն Հայրունին։ Թիմի ղեկավարն է Տաթևիկ Սարդարյանը։ 13 մրցակիցների մեջ մեր թիմը զբաղեցրեց 5֊րդ տեղը։ 

09.12.2022-Ֆիզմաթ դպրոցի հյուրն էր գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը..

Դեկտեմբերի 9-ին Ֆիզմաթ դպրոցի հանդիսությունների դահլիճում դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերները հանդիպեցին  գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մեծ հայուհի, ժամանակի շնչով ապրող  Ռուզան Ասատրյանի հետ:

13․10․2022-Ֆիզմաթ դպրոցում կայացավ տարհանման ուսումնական վարժանք․․․

Հոկտեմբերի 12֊ը ՄԱԿ֊ի կողմից հռչակված է որպես աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր։
Դժվար է կանխորոշել արտակարգ իրավիճակները, բայց կարելի է բարձրացնել պատրաստվածության մակարդակը:
Վաղ նախազգուշացումն ու գործողությունների վաղ իրականացումը կյանքեր են փրկում:
Իսկ այդ գործողությունները և հմտությունները պետք է սովորեցնել դպրոցական նստարանից:
Կադրեր «Ֆիզմաթ» դպրոցում կայացած տարհանման ուսումնական վարժանքից։