ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ինժեներական, ռոբոտաշինական, հրթիռաշինության, անօդաչու թռչող սարքերի մոդելավորման լաբորատորիաների բացմանը:
Կարևորելով բնագիտամաթեմատիկական առարկաների դերը և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներության նորովի կիրառումը ուսումնական գործընթացում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը հագեցած լաբորատորիաներ ունենալու ծրագիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն և ԿԳՄՍ նախարարություն: Ծրագիրն արժանացել է հավանության և կյանքի կոչվել:
Դպրոցի ձեղնահարկում բացվել է նաև ֆիզմաթ դպրոցի լավագույն մանկավարժներից մեկի՝ երջանկահիշատակ ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանի անունը կրող ֆիզիկայի լաբորատորիան, որի հովանավորը նրա ընտանիքն է:
Դպրոցի նախկին սան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի աջակցությամբ բացվել է «Արմաթ», ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, այսօր KRISP ընկերության հիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հովանավորությամբ բացվել է ինժեներական, իսկ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Հայկ Չոբանյանի օժանդակությամբ՝ «Արմաթն օդում» լաբորատորիաները:
Հանդիսավոր արարողության սկիզբն ազդարարելուց և կարմիր ժապավենը կտրելուց հետո բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը:
Նա շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի բոլոր աջակիցներին՝ հայտնելով իր երախտագիտությունը: